Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն արդեն պատրաստել է շուրջ 2000 բարձրակարգ մասնագետ  


Հայ-հնդկական Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների  (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը (AITC) հունիսի 15-ից իր դռները կբացի Հայաստանի բոլոր ավագ դպրոցների աշակերտների առջև` նրանց համար անցկացնելով Ամառային Web դիզայն դպրոց: Նրանք դասընթացների ընթացքում հնարավորություն կունենան սովորելու բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն: 


Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը, ամառային դպրոցի միջոցով կենտրոնը փորձելու է ոչ միայն բավարարել դպրոցականների հետաքրքրվածությունը վեբ դիզայնով, այլև օգնելու նրանց հետագայում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, հատկապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում:


Նրա տեղեկացմամբ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հիմնական գործունեություն է` ՏՏ ոլորտի դասընթացների կազմակերպում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական նախագծերի խթանում ու փորձագետների փոխանակման իրականացում: Է. Հարությունյանի խոսքով` 2011թվականից գործող կենտրոնում, բացի ամառային դպրոցից, կազմակերպվում են նաև դասընթացներ տարբեր թիրախային լսարանների համար հետևյալ ուղղություններով` Web, Java,  Database տեխնոլոգիաներ, Linux օպերացիոն համակարգ, ցանցային կառավարում և տեղեկատվական անվտանգություն, մոբայլ ծրագրավորում (Android, iOS), զուգահեռ հաշվարկներ (PARAM), գրաֆիկական դիզայն (Corel Draw, Adobe Photoshop), մարքեթինգ և վաճառք, վիճակագրական վերլուծություն SPSS-ի օգնությամբ, ծրագրային կառավարում և MS Project 2010, մարդկային ռեսուրսների կառավարում և այլն: Ըստ  Է. Հարությունյանի ` 2011 թվականից մինչ օրս կենտրոնում կազմակերպվել է 307 դասընթաց` շուրջ 2000 սովորողների մասնակցությամբ,  60 սեմինար` հայ և հնդիկ շուրջ 1200  մասնագետների մասնակցությամբ: 


Նա նաև տեղեկացրեց, որ  կենտրոնը տարեկան պատրաստում և վերապատրաստում է շուրջ 500 մասնագետ, ովքեր իրենց որակավորման համապատասխան գտնում են աշխատանք տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում: «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է սկսել իր կարիերան ՏՀՏ ոլորտում կամ ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, կարող է համագործակցել կենտրոնի հետ»,- ասաց նա:


Ծրագրի ղեկավարը չբացառեց, որ ապագայում վերապատրաստման և փորձի փոխանակման շրջանակներում հնդիկ մասնագետներին հնարավոր է  փոխարինեն հայերը:Նրա  կարծիքով` Հայաստանում գործող այլ ՏՏ կենտրոներից AITC-ը տարբերվում է ծրագրերի բազմազանությամբ, որակյալ կրթությամբ և դասընթացների համար նախատեսված մատչելի վարձավճարներով:


Ուսումնական գործունեության հետ համատեղ, AITC-ն իրականացնում է բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայով հետազոտություններ, նաև արդի գիտահետազոտական աշխատանքներ համապատասխան ծրագրային ապահովման սարքավորումներով զինված լաբորատորիայում` ներառյալ ՊԱՐԱՄ  գերհամակարգիչ: AITC-ում  առկա է 6000 ՏՏ ոլորտի գրքերից բաղկացած գրադարան: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և C-DAC կենտրոնի կողմից: 


Աղբյուր՝ «Նոյյան Տապան»