Աշակերտները կներկայացնեն իրենց կողմից ստեղծված վեբկայքերը


Շուրջ մեկ ամիս՝ հունիսի 15-ից-հուլիսի 17-ը, 10-16 տարեկան աշակերտներ սովորում էին բազային վեբ ծրագրավորում և գրաֆիկական դիզայն՝  «Ամառային Վեբ-Դիզայն Դպրոց» ծրագրի շրջանակում, որը կազմակերպում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի շրջանակում։


Ծրագրի ընթացքում մասնակիցներն աշխատեցին սեփական կայքի ծրագրավորման, բովանդակության, դիզայնի, իրենց գաղափարի զարգացման վրա: Վերջնական արդյունքները կներկայացվեն ս.թ. հուլիսի 18-ին, ժ.՝ 13:00-ին, Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ):  


«Ամառային վեբ-դիզայն դպրոց»-ի շրջանակում մասնակիցները ձեռք բերեցին նաև  մարքեթինգի, ռազմավարության վերաբերյալ բազային գիտելիքներ, բարելավեցին իրենց ներկայացուցչական և թիմում աշխատելու հմտությունները:Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում: 


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իր ժամանակակից ենթակառուցվածքով և ուսումնական ծրագրերի ու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բարձր արագագործությամբ սարքավորումներով նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի ՏՏ մասնագետների վերապատրաստման համար:Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: